BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վլադիմիր Պուտինի հաջորդ եվրոպական ճակատը

Վլադիմիր Պուտինի հաջորդ եվրոպական ճակատը
09.04.2016 | 14:49

Ադրբեջանի ու Հայաստանի միջև կոնֆլիկտը դադարեց սառեցված լինել՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանը, որտեղ գերակայում է Կրեմլը և խաչվում են համաեվրոպական մասշտաբի քաղաքական ու գաղափարախոսական բեկումներ՝ The Wall Street Journal-ում գրում է Johns Hopkins University-ի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Սվանտե Կոռնելը: Օբամայի վարչակարգը, թերևս, կարծում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը գոյություն ունի վակուումի մեջ, մեկուսացած է տարածաշրջանային լարումներից և պուտինյան Ռուսաստանի ապակառուցողական դերից: Ժամանակն է, որ Վաշինգտոնը հասկանա՝ Մոսկվան պրոբլեմի մասն է, ոչ թե լուծումը, և ձեռքը վերցնի նախաձեռնությունը, որպեսզի կոնֆլիկտն ուղղի դեպի խաղաղություն: Կոնֆլիկտի էսկալացիան այսօր պատահական չէ՝ Կովկասը դառնում է պակաս կայուն: Երբ անցյալ տարի ռուսական թևավոր հրթիռները Սիրիա թռան Կասպից ծովում գտնվող նավերից, Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում և մերձավորարևելյան քաղաքականությունը սկսեցին միաձուլվել մեկ ամբողջության մեջ: Թուրք-ռուսական առճակատումը արագացրեց գործընթացը, քանի որ Ադրբեջանը կողմնորոշված է դեպի Թուրքիա, Հայաստանը՝ Ռուսաստան: Պուտինի համար լրացուցիչ դժվարություն է, որ Ադրբեջանը և Ռուսաստանին, և Իրանին սահմանակցող միակ երկիրն է ու այդ պատճառով Բաքուն առանցքային դեր է խաղում ցանկացած միջանցքում, որ միացնում է Եվրոպան Կենտրոնական Ասիային և Ասիայից դուրս պետություններին: Այդ երակի նկատմամբ վերահսկողությունը անհրաժեշտ է Պուտինի կայսերական նախագծին: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, որ երկար տարիներ սառն էին, վերջին տարում ջերմանում են: Այդ պատճառով զարմանալի չէ, որ Պուտինը պատրաստ է օգտագործել չլուծված հակամարտությունը, որ խարխլի հարևան երկրի դիրքերը, ինչպես արեց ՈՒկրաինայում: Հազիվ թե ինչ-որ մեկը կասկածում է, որ Մոսկվան կարող է դա անել: Օբամայի նախագահության վերջին տարում մենք կարող ենք ականատեսը դառնալ Կովկասում կոնֆլիկտի սրմանը: Բայց Օբամայի վարչակարգը համառորեն շարունակում է հեքիաթներ պատմել Ռուսաստանի հետ փոխըմբռնումի մասին հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: ԱՄՆ-ի ինքնահեռացման ներկա քաղաքականությունը վկայում է, որ Վաշինգտոնը այդ տարածաշրջանը լուրջ չի ընդունում: Եթե ԱՄՆ-ը ուզում է խուսափել Կովկասում մեծ պատերազմից, պետք է գլխավորի դիվանագիտական լուրջ նախաձեռնություն, որտեղ կներգրավեն Հայաստանն ու Ադրբեջանը: Դա հնարավոր է, երբ Վաշինգտոնն ընդունի, որ Կովկասը կոնֆլիկտների երկար աղեղի մասն է, որ ձգվում է ՈՒկրաինայից Սիրիա, և ԱՄՆ-ի շահերը արմատապես տարբեր են Ռուսաստանի շահերից:
Սվանտե ԿՈՌՆԵԼ, The Wall Street Journal


Հ.Գ. Այնուամենայնիվ, քաղաքականությունից ցինիզմն անբաժանելի է: Այս օրերին աշխարհի համարյա բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին ու տալիս են մեզ համար հակասական, իրենց տեսակետից՝ օրինաչափ բնորոշումներ: Հիմնականը այդ հրապարակումներում հակամարտության պատմությունը չիմանալն է և առաջնորդվելը սեփական երկրի ավանդական դիվանագիտական դեղատոմսերով:
Մենք սովորաբար այդ հրապարակումներում որոնում ենք պաշտպանություն մեր ճշմարտությանը, բայց առավել կարևոր են մեր դեմ եղած հրապարակումները՝ հենց նրանք են հնարավորություն տալիս հասկանալու մեր բացթողումներն ու մեր թույլ կողմերը, որտեղ հաջորդելու է հերթական հարվածը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ